Հայաստանը կատարել է ԵՏՄ անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր միջոցառումները. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կատարել է ԵՏՄ անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր միջոցառումները, ուրբաթ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության VII նիստի ընթացքում։
ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։
«Վերջին տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ինտեգրացիոն համագործակցությունն անընդմեջ զարգացել և հասել է իր գագաթնակետին սույն թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության Նախագահների կողմից՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագրի ստորագրմամբ», – ասաց Աբրահամյանը։
Նրա խոսքերով` Այսօր համաշխարհային տնտեսության զարգացման միտումների և փոփոխությունների տեսանկյունից ինտեգրացումը դարձել է երկրների միջև համագործակցության հիմնական և հեռանկարային ուղղություններից մեկը՝ հատկապես հաշվի առնելով զարգացման զգալի ներուժը, ինչը և նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
«Այժմ իրականացվում են նպատակաուղղված աշխատանքներ այն բոլոր կետերի կատարման ուղղությամբ, որոնք պետք է իրականացվեն անդամակցությունից հետո:
Մասնավորապես, անհրաժեշտ է ծանոթացնել մեր գործարար հանրությանն այն նոր հնարավորություններին և կանոնակարգումներին, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ», – ավելացրեց վարչապետը։–0–

