Հայաստանն ինքնուրույն է քաղաքական որոշումներ ընդունում, և մասնավորապես ԵՏՄ–ին միանալու մասին. ԱԳՆ ղեկավարի տեղակալ

24.11.2014, 19:01
Հայաստանն ինքնուրույն է քաղաքական որոշումներ ընդունում, հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երկուշաբթի ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միանալու հարցով մեկնարկած լսումներում։
Հայաստանն ինքնուրույն է քաղաքական որոշումներ ընդունում, և մասնավորապես ԵՏՄ–ին միանալու մասին. ԱԳՆ ղեկավարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ինքնուրույն է քաղաքական որոշումներ ընդունում, հայտարարեց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երկուշաբթի ԵՏՄ–ի պայմանագրին Հայաստանի միանալու հարցով մեկնարկած լսումներում։

«Հարկ է նշել, որ արտաքին քաղաքականությունը սահմանելիս նույնիսկ ամենահզոր պետություններն են հաշվի առնում համաշխարհային կոնյունկտուրան և իրադարձությունների զարգացումը, համաձայնեցնում են իրենց կարևորագույն որոշումներն իրենց դաշնակիցների հետ։ Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ապա մենք ինքներս ենք որոշումներ ընդունում` հաշվի առնելով մեր պետության շահերն ու յուրաքանչյուր որոշման հետևանքները»,– ասաց Քոչարյանը` պատասխանելով լսումների որոշ մասնակիցների արտահայտած մտահոգություններին առ այն, որ Հայաստանի միացումը ԵՏՄ–ին կզրկի նրան ինքնուրույն քաղաքական որոշումներ ընդունելու հնարավորությունից։

Քոչարյանը նաև մեկնաբանեց մի շարք պատգամավորների` ԵՏՄ–ին Հայաստանի միանալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկությունը։ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հայտնեց, որ շատ կարևոր է հասկանալ տարբերությունը Եվրամիության հետ հարաբերություններում, որին միանալը որոշվում էր հանրաքվեով, և ԵՏՄ–ի հետ, որը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միություն է։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է ԵՏՄ–ի լիիրավ մասնակից, որը գործունեությունը կսկսի 2015 թվականի հունվարի 1-ից։ -0-