Ղրիմի հայերը ծրագրում են ստեղծել իրենց ազգային–մշակութային ինքնավարությունը
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմի հայկական միության (ՂՀՄ) ազգային համագումարը որոշում է ընդունել Ղրիմում ստեղծել տարածաշրջանային ազգային–մշակութային ինքնավարություն։
«Տարածաշրջանային ազգային–մշակութային ինքնավարությունը ՌԴ օրենքներին համապատասխան կգրանցվի դեկտեմբերի 13–ին Արդարադատության նախարարությունում»,– «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է ՂՀՄ ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը։
Նա նշեց, որ տարածաշրջանային նոր միավորման կազմում կընդգրկվեն 17 տեղական հայկական ազգային–մշակութային ինքնավարություններ։ Ըստ նրա` նմանատիպ ինքնավարության ստեղծումը, ի տարբերություն հասարակական կազմակերպության, թույլ կտա հայերին հավակնել մշակույթի, ազգային լեզվի, ինքնատիպության և պատմական ժառանգության իրենց ծրագրերի ֆինանսավորման պետական և հանրապետական բյուջեից։
«Արդեն ստեղծվել են քաղաքային ազգային–մշակութային ինքնավարություններ Յալթայում, Թեոդոսիայում, Կերչում, մյուսները ձևավորման փուլում են։ Մենք 17 բաժանմունքներ ունենք Ղրիմի հայկական միությունում և որոշում ենք ընդունել, որ բոլոր 17–ը մինչև տարեվերջ պետք է ընդգրկվեն ռուսական դաշտում` ազգային–մշակութային քաղաքային ինքնավարությունների տեսքով»,– ասաց Մելքոնյանը։
ՂՀՄ ներկայացուցիչը նշեց, որ իրենց տվյալներով` Ղրիմում ապրում է 15-20 հազար հայ։ Սակայն իրական թիվը հայտնի կդառնա Ղրիմում մարդահամարից հետո։
Ազգային–մշակութային ինքնավարության ինստիտուտը ստեղծվել է Ռուսաստանում 1996 թվականին, այն ազգային փոքրամասնություններին մշակույթի, լեզվի և ազգային կրթության զարգացմամբ ինքնուրույն զբաղվելու հնարավորություն է ընձեռում։ Արդեն ստեղծվել են մի քանի հարյուր այդպիսի ինքնավարություններ։ -0-

