Լիբիայի խորհրդարանը թաքնվում է երկրի արևելքում գտնվող հինգաստղանի հյուրանոցում. հեռուստաընկերություն

03.10.2014, 14:14
Երբ Լիբիայի խորհրդարանի պատգամավորները կորցրին վերահսկողությունը Տրիպոլիի և երկրի մեծ մասի նկատմամբ, ստիպված եղան թաքնվել պետության արևելքում գտնվող հյուրանոցներից մեկում, ուրբաթ հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
Լիբիայի խորհրդարանը թաքնվում է երկրի արևելքում գտնվող հինգաստղանի հյուրանոցում. հեռուստաընկերություն

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երբ Լիբիայի խորհրդարանի պատգամավորները կորցրին վերահսկողությունը Տրիպոլիի և երկրի մեծ մասի նկատմամբ, ստիպված եղան թաքնվել պետության արևելքում գտնվող հյուրանոցներից մեկում, ուրբաթ հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

Նշվում է, որ խորհրդարանականներն իրենց ընտանիքներով թաքնվում են Եգիպտոսին սահմանակից Թոբրուք քաղաքի Dar al-Salam հինգաստղանի հյուրանոցում: Հյուրանոցում «ամեն ինչ ներառված» համակարգով մնալու համար գումարները գանձվում են Լիբիայի 47-միլիարդանոց բյուջեից: Նրանց անվտանգությունն ապահովում են զինված ջոկատները: Հյուրանոցի մոտակայքում նաև կանգնած են զենիթային թնդանոթներով բեռնատարներ և ճանապարհային արգելափակոցներ:

Հեռուստաալիքի տվյալներով, խորհրդարանականները շարունակում են սովորական ռեժիմով քննարկել օրենքները և ծրագրել Լիբիայի ապագան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2011 թվականին Լիբիայում զինված հակամարտության ժամանակ երկրի նախագահ Մուամար Քադաֆիի պաշտոնանկության և սպանության պահից Լիբիան ճգնաժամ է ապրում: Քաղաքական ասպարեզում հակամարտում են բանակի կողմից պաշտպանվող ազատական ուժերը և իսլամական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնց սատարում են նախկին ապստամբների խմբավորումները:

Չլուծված տարաձայնությունների հետևանքով Լիբիայում երկիշխանություն է ձևավորվել` մի կողմից, համընդհանուր ընտրություններում ընտրված խորհրդարանն է, որի նստավայրը Թոբրուք քաղաքն է (վարչապետ Աբդալա աթ Թանիի գլխավորությամբ), մյուս կողմից` իսլամամետ Համընդհանուր ազգային կոնգրեսն է և  իսլամիստ վարչապետ Ամրոմ ալ Հասին: Հարկ է նշել, որ կենտրոնական իշխանություններն առհասարակ չեն վերահսկում Լիբիայի մի շարք շրջանները:
-0-