Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ընտրության վրա. պատգամավոր

17.09.2014, 20:01
Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի  միջև ընտրության վրա, չորեքշաբթի ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը։
Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ընտրության վրա. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված չէ Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի  միջև ընտրության վրա, չորեքշաբթի ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ղեկավար Կորյուն Նահապետյանը։

«Հայաստանի համար կարևոր է, որպեսզի ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը պահպանեն երկխոսության խողովակը, Հայաստանը հստակ գիտակցում է իր ազգային անվտանգության հարցերը, իսկ ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը, իրենց հերթին, կարևորում են Հայաստանի դերը տարածաշրջանային և միջազգային անվտանգության համատեքստում»,- ասաց Նահապետյանը ասուլիսում, որը նվիրված էր Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցության խնդրին Հայաստանի և Հարավային Կովկասի վրա։

Պատգամավորի խոսքերով` Հայաստանը շարունակում է իր փոխլրացման քաղաքականությունը և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության հնարավորություններ է գտնում բոլոր շահագրգիռ կողմերի հետ` ելնելով իր սեփական շահերից և ազգային անվտանգությունից` միաժամանակ ապահովելով բոլոր միջազգային պարտավորությունների կատարումը։

«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր ինքնիշխան իրավունք ունի ինքն ընտրելու անվտանգության այն համակարգը, որում տվյալ պետության ժողովուրդը ցանկանում է գտնվել։ Միաժամանակ մենք կարծում ենք, որ այդ ընտրությունը հավելյալ խնդիրներ չպետք է ստեղծի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային անվտանգության համակարգում», - նշեց Նահապետյանը։

Նրա խոսքերով` չնայած նրան, որ ՆԱՏՕ-ի համար Հարավային Կովկասը մեծ նշանակություն ունի, կարելի է փաստել, որ Դաշինքը տարածաշրջանում միասնական ռազմավարություն չունի։ -0-