Հայերի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությամբ Էրդողանը փորձում է իր համար ազգայնականների քվեներ ապահովել

07.08.2014, 13:26
Հայերի հասցեին հնչեցրած իր վիրավորական հայտարարությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր համար ազգայնականների քվեներ ապահովել նախագահի ընտրության նախաշեմին, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։
Հայերի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությամբ Էրդողանը փորձում է իր համար ազգայնականների քվեներ ապահովել

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայերի հասցեին հնչեցրած իր վիրավորական հայտարարությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է իր համար ազգայնականների քվեներ ապահովել նախագահի ընտրության նախաշեմին, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Մի քանի օր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռուստազրույցի ընթացքում հայտարարել էր, թե ընդդիմությունը զրպարտում է նրան` անվանելով վրացի կամ հայ։ «Նրանք ինձ վրացի են անվանել։ Ներողություն արտահայտությանս համար. նրանք իմ հասցեին ավելի վատ խոսք են ասել. նրանք ինձ հայ են անվանել»,– ասել է Էրդողանը։

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «հայ», «հայ վիժվածք» կամ «հայի որդի» արտահայտությունները Թուրքիայում վերջին հայհոյանքն են, և Էրդողանը, օգտագործելով դա, ևս մեկ անգամ փորձում է ցույց տալ ազգայնականներին, որ ապրրիլի 23–ի նրա հայտարարությունը պարզապես դիվանագիտական քայլ էր, իսկ հոգու խորքում նա նույնքան հայատյաց է, որքան նրանք»,– հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Շաքարյանը։

Նա ավելացրեց, որ նմանատիպ հայտարարությունը սովորական պրակտիկա է թուրք քաղաքական գործիչների համար, ովքեր որքան էլ նորմալ վերաբերվեին հայերին, չեն կարող իրենք իրենց հայերի մասին մեղմ խոսելու «շռայլություն» թույլ տալ։

Թուրքիայի նախագահի ընտրության առաջին փուլը տեղի կունենա օգոստոսի 10-ին Հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը (50 տոկոս + 1 ձայն): Եթե առաջին փուլում չհաջողվի անհրաժեշտ քանակի քվեներ ստանալ, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա երկրորդ փուլը: Սա Թուրքիայի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունն է: Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը:-0-