Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն ազդի եվրասիական ինտեգրման գործընթացի վրա. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն ազդի եվրասիական ինտեգրման գործընթացի վրա, կարծում է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, Ռուսաստանի հայերի միության նախագահի առաջին տեղակալ Մհեր Շահգելդյանը։
«Ինչպես ասվում է, գնացքն արդեն գնացել է, և Եվրասիական միությունն ու եվրասիական տնտեսական միությունն արդեն աշխատում են և կաշխատեն»,– ասաց Շահգելդյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
Նա ավելացրեց, որ որոշ ծրագրեր կամ նախագծեր կարող են ձգձգվել, բայց ռազմավարական տեսանկյունից դժվար թե խնդիրներ առաջանան եվրասիական ինտեգրման նախագծի իրականացման հետ կապված։
Ուկրաինայի իրավիճակի պատճառով ԱՄՆ–ում Ռուսաստանի նկատմամբ հաստատել են պատժամիջոցների հերթական` թվով վեցերորդ փուլը, որոնք առաջին անգամ վերաբերում են ռուսական տնտեսության ամբողջ հատվածների, ինչպես պաշտպանական արդյունաբերությունը, խոշոր բանկերը և էներգետիկ ընկերությունները։ Մոսկվայում այդ պատժամիջոցներն անվանում են հակաարդյունավետ և անօրինական։ Ռուսաստանը բազմիցս հայտնել է նաև, որ ներուկրաինական հակամարտության կողմ չէ։ -0-

