Վարչական դատարանը մերժել է Բեռլուսկոնիի` Իտալիայից մեկնելու իրավունքը
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայրաքաղաքի Լացիո մարզի վարչական դատարանը հինգշաբթի մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի արտերկիր մեկնելու իրավունքը, քանի որ հայտնի քաղաքական գործիչը պատիժ է կրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանը 2013 թվականի օգոստոսի 1–ին Բեռլուսկոնիին դատապարտեց չորս տարվա ազատազրկման` նրան պատկանող Mediaset խմբում ֆինանսական մեքենայությունների աղմկոտ գործով։ Սակայն այդ ժամկետն ավտոմատ կրճատվեց մինչև մեկ տարի` 2006 թվականի ներման օրենքի հետ կապված։ Դատական այդ որոշումից հետո Բեռլուսկոնիից առգրավվեց անձնագիրը, և նրան արգելվեց մեկնել երկրից։ Հաշվի առնելով 77–ամյա քաղաքական գործչի տարիքը` դատական մարմինները պետք է նրա նկատմամբ տնային կալանք սահմանեին կամ հանրային օգտակար աշխատանքներ, ինչն էլ պնդում էր պաշտպանությունը։ Ապրիլին Միլանի վերահսկիչ դատարանը պաշտոնապես որոշեց փոխարինել Բեռլուսկոնիի ազատազրկումը սոցիալական աշխատանքներով։
Նախկին վարչապետի փաստաբանները դիմել են Լացիոյի վարչական դատարան` պահանջելով վերադարձնել նրա անձնագիրը, որն իրավունք է տալիս նրան դուրս գալ Իտալիայի տարածքից։ Այսօր մարզային վարչական դատարանի հրապարակված որոշման մեջ ասվում է. Բեռլուսկոնին պարտավորվում է կրել մեկ տարի ազատազրկման պատիժը, թեև այն փոխարինվել է սոցիալական աշխատանքներով, այդ պատճառով նա իրավունք չունի այդ ժամանակահատվածում «ոչ անձնագիր ստանալ, ոչ լքել Իտալիայի տարածքը»։ Բեռլուսկոնիի իրավունքների սահմանափակման որոշումը կգործի ընդհուպ մինչև նրա պատժաժամկետի ավարտը։ -0-

