ՀՀ նախագահը Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ շնորհավորել է Օլանդին
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրվա առթիվ։
Ուղերձում Սարգսյանը նշել է, որ առանձնահատուկ ջերմությամբ է վերհիշում այս տարվա մայիսին Օլանդի` Հայաստան կատարած պետական այցը, որը նոր լիցք հաղորդեց Հայաստանի և Ֆրանսիայի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանն ու մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի շարունակական ամրապնդմանը:
Նախագահը վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կենսագործումը կնպաստի առևտրատնտեսական բնագավառում հայ-ֆրանսիական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացմանը:
«Մեր երկու բարեկամ պետությունների միջև առկա փոխվստահության մթնոլորտը՝ հիմնված պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա՝ ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով առաջընթաց արձանագրելու համար: Համոզված եմ, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ եվրոպական կառույցների շրջանակներում, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա կայուն փոխգործակցությունը կշարունակի ընթանալ ամրապնդման և խորացման ճանապարհով՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,– ասվում է ուղերձում։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Օլանդին այն կարևոր առաքելության համար, որն իրականացնում է Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ իր նպաստը բերելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում:
Հայաստանի նախագահը երկուշաբթի այցելել է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, շնորհավորել դեսպան Անրի Ռենոյին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց` Ֆրանսիայի ողջ ժողովրդին։ -0-

