Ֆրանսիան չի կարող զենք վաճառել Ադրբեջանին. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան չի կարող զենք կամ սպառազինություն վաճառել Ադրբեջանին, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ մեկնաբանելով ֆրանսիական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե Փարիզն իբր մտադիր է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին:
«Ես չունեմ նման տեղեկատվություն: Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկիր, բնականաբար, չի կարող չհարգել և չհետևել բոլոր այն սկզբունքներին, որոնք հաստատված են ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից, այն է՝ չվաճառել զենք այն երկրներին, որոնք հակամարտում են այլ պետությունների հետ», - ասաց Ռենոն:
Ադրբեջանը հակամարտում է ԼՂՀ-ի հետ, որն իր անկախությունը հռչակել է 1991 թ.-ին:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

