Փորձագետ. «Հետխորհրդային տարածքում պատերազմ է ընթանում ԱՄՆ–ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ»
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Հետխորհրդային տարածքում պատերազմ է ընթանում ԱՄՆ–ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ, կարծում է ԵվրԱզԷս–ի ինստիտուտի գլխավոր տնօրեն, Եվրասիական տնտեսական ինտեգրման, արդիականացման, մրցունակության և ՌԳԱ կայուն զարգացման համալիր խնդիրների գիտական խորհրդի բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը։
Ըստ նրա, այդ պատերազմի մեծ մասը ծավալվում է տեղեկատվական հարթությունում։
«Այդ պատերազմին մասնակցում է ԱՄՆ–ն, որը պայքարում է շուկայի, թերթաքարային գազի, այդ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և պարզապես նրա համար, որ ամերիկացիներին այսօր ամենուր պատերազմ է պետք, ինչը կապված է այսօր այդ երկրում ստեղծված տնտեսական դրության հետ»,– երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Լեպյոխինը։
Ըստ նրա, հակամարտության երկրորդ երկիրն Ուկրաինան է, որը դարձել է ԱՄՆ–ի քաղաքականության գործիքը։
«Ցավոք, ԱՄՆ–ն պատերազմը վարում է Ուկրաինայի ձեռքով, իսկ ուկրաինական ներկայիս իշխանությունը պատերազմն իր բիզնեսն է դարձրել, որովհետև շատ բարդ է այս իրավիճակում զբաղվել երկրով, նրա տնտեսությամբ և ավելի դյուրին է քաղաքական կապիտալ վաստակել և գումարներ ներգրավել` պատերազմելով, նույնիսկ եթե այդ պատերազմը նաև օտարի շահից է բխում»,– նշեց նա։
Լեպյոխինը միաժամանակ նշեց, որ Ռուսաստանի գործողություններն ուկրաինական հարցում պաշտպանական բնույթ են կրում, և Ռուսաստանը փորձում է քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծել Ուկրաինայի հակամարտությունը։ -0-

