Բարոզու. ԵՄ-ի հետ ասոցացումը եվրաինտեգրման ավարտ չի նշանակում Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ասոցացման համաձայնագիրը եվրոպական ինտեգրման եզրափակիչ փուլ չէ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն ԵՄ-ի և այդ երեք երկրների միջև համաձայնագրերի ստորագրումից առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս համաձայնագրերը չեն նշանակում, որ ավարտվում է ԵՄ-ի և նրա գործընկերների համագործակցությունը: Ընդհակառակը, Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չպետք է ընկալվի որպես ճանապարհի ավարտ, այն պետք է ընդունվի որպես ճամփորդություն, որը ԵՄ-ն և նրա գործընկեր երկրները այսօր միասին սկսում են», - ասել է Բարոզուն:
ԵՄ-ն այսօր ասոցացման համաձայնագիր է ստորագրել Վրաստանի և Մոլդովայի հետ և փաստաթղթի տնտեսական մասը՝ Ուկրաինայի հետ: Համաձայնագիրը ստորագրել են, մասնավորապես, Վրաստանի և Մոլդովայի վարչապետներ Իրակլի Ղարիբաշվիլին և Յուրի Լյանկեն, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն: Բացի այդ, փաստաթղթերը ստորագրել են եվրոպական ինստիտուտների առաջնորդներն ու ԵՄ 28 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները:-0-

