Օլանդը Պորոշենկոյի` Ֆրանսիա կատարելիք այցի մասին. «Գիտեի, որ կարող եմ նրա և Պուտինի հանդիպումը կազմակերպել»

05.06.2014, 10:40
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Նորմանդիայում դաշնակից զորքերի մուտքի 70–ամյակին հրավիրելով Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, գիտեր, որ ուկրաինացի առաջնորդի և ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումն անխուսափելի կլինի։
Օլանդը Պորոշենկոյի` Ֆրանսիա կատարելիք այցի մասին. «Գիտեի, որ կարող եմ նրա և Պուտինի հանդիպումը կազմակերպել»

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Նորմանդիայում դաշնակից զորքերի մուտքի 70–ամյակին հրավիրելով Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, գիտեր, որ ուկրաինացի առաջնորդի և ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումն անխուսափելի կլինի։

«Երբ ես հրավիրեցի նորընտիր նախագահին հունիսի 6–ին, ես գիտեի, որ հանդիպումը կկայանա։ Այն է` (նրա) հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ»,– ասել է Օլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նա ողջունել է ուկրաինացի ժողովրդի ընտրությունը, որը թույլ է տվել Պորոշենկոյին ընտրվել հենց առաջին փուլում և հնարավոր է դարձրել նրա հանդիպումն Ուիսթրեամում։

Այսպիսով, Պուտինը, ըստ նրա, տեղյակ էր, որ Պորոշենկոն ներկա է լինելու պետությունների ղեկավարների թվում։ «Արդյո՞ք շփումներ կլինեն։ Կյանքը ցույց կտա»,– ասաց Օլանդը։

Երկու տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ հունիսի 5–ին կհավաքվեն Ֆրանսիայում «երկրորդ ճակատի» բացմանը` Նորմանդիայում 1944 թվականի հունիսի 6–ին դաշնակից զորքերի տեղակայման և պատմության խոշորագույն դեսանտային օպերացիան դարձած իրադարձությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Նորմանդիայի այցի ժամանակ մտադիր չէ որևէ մեկից փախչել և բոլորի հետ շփվելու է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինն ու Պորոշենկոն կլինեն Նորմանդիայում, բայց առանձին հանդիպում չի նախատեսվում։ Պորոշենկոն հայտնել է, որ ժամանակացույցով առանձին հանդիպում չի նախատեսվել, բայց չի բացառել, որ այն կարող է կայանալ այս կամ այն ձևաչափով։

Ուկրաինայի նախագահի ընտրությունը կայացել է մայիսի 25–ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղթող է հայտարարել ինքնաառաջադրված Պյոտր Պորոշենկոյին` նրա օգտին քվեարկել է ընտրողների 54.7 տոկոսը։ Պորոշենկոյի երդմնակալությունը կկայանա հունիսի 7–ին։ Ընտրությունն անցել է քաղաքական խորը ճգնաժամի և երկրի արևելքում անկախության կողմնակիցների դեմ կիևյան իշխանությունների վարած լայնածավալ ուժային օպերացիայի ֆոնին, ինչի հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։ Մոսկվայում այդ հատուկ օպերացիան «պատժիչ» են կոչում և հորդորում են Կիևին անհապաղ դադարեցնել այն։ -0-