Դոնեցկի աշխարհազորայինները ԵԱՀԿ դիտորդներին լրտեսության մեջ են կասկածում

31.05.2014, 13:21
Աշխարհազորայինները բաց չեն թողնում ԵԱՀԿ դիտորդներին` կասկածելով նրանց լրտեսության մեջ, շաբաթ օրը ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել «Դոնբասի ազգային ճակատ» հասարակական շարժման համանախագահ Վլադիմիր Ռոգովը։  
Դոնեցկի աշխարհազորայինները ԵԱՀԿ դիտորդներին լրտեսության մեջ են կասկածում

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհազորայինները բաց չեն թողնում ԵԱՀԿ դիտորդներին` կասկածելով նրանց լրտեսության մեջ, շաբաթ օրը ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել «Դոնբասի ազգային ճակատ» հասարակական շարժման համանախագահ Վլադիմիր Ռոգովը։ 

Մայիսի 26–ին տեղեկություն հրապարակվեց, որ ԵԱՀԿ չորս դիտորդներ անհետացել են։ Թուրքիան, Դանիան, Էստոնիան և Շվեյցարիան ներկայացնող դիտորդների խմբի հետ կապը կորել էր Լուգանսկից Դոնեցկ վերադառնալու ճանապարհին։ Մայիսի 29–ին ԵԱՀԿ–ն հաստատել էր իրենց դիտորդների կորստի մասին տեղեկությունը։ Սլավյանսկի (Դոնեցկի մարզի հյուսիս) «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել էր, որ դիտորդներն իր վերահսկողության տակ գտնվող ուժերի ձեռքում են, նրանց պահում են Դոնեցկի մոտակայքում գտնվող Մակեևկա բնակավայրում։ Նրա խոսքով` դիտորդների մոտ «կասկածելի սարքավորում» է հայտնաբերվել։

«Մենք նրանց ստուգում ենք։ Միաժամանակ մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ առաքելության հետ։ Նրանք գիտեն, որ իրենց տղաները լավ են», – ասել է Ռոգովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ 

Նա ավելացրել է, որ անձամբ մշտական կապի մեջ է Թուրքիայի դիվանագետների հետ, ովքեր մտահոգված են իրենց դիտորդի ճակատագրով։–0–