Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելու նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Բաքու

31.05.2014, 11:20
ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) շաբաթ օրը կայցելեն Ադրբեջան` երկրի ղեկավարության հետ բանակցելու նպատակով, նշվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելու նպատակով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն Բաքու

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) շաբաթ օրը կայցելեն Ադրբեջան` երկրի ղեկավարության հետ բանակցելու նպատակով, նշվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Սպասվում է, որ նրանք կհանդիպեն և կբանակցեն Ադրբեջանի ղեկավարության հետ։

Մայիսի կեսին համանախագահները այցելեցին հակամարտության տարածաշրջան, որտեղ հանդիպեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ղեկավարության հետ։

Այցի արդյունքում հրապարակված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ համանախագահները նշեցին, որ հանդիպումների ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման տարրերն ու ընդգծել են, որ հակամարտության ամուր կարգավորման հիմք են մնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ–երկրների նախագահների 2009–2013 թթ.–ի հայտարարությունները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-