Հայաստանն հաջողությամբ զուգակցում է ինտեգրման ինչպես եվրոպական, այնպես էլ եվրասիական ուղղվածությունները. Սլուցկի
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը լավ օրինակ է մի երկրի, որը միաժամանակ զուգակցում է ինտեգրման և եվրոպական, և եվրասիական վեկտորները, հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն իր հերթին հնարավոր է համարում, որ Հայաստանը հունիսին կստորագրի Եվրասիական տնտեսական միություն մտնելու պայմանագիրը, քանի որ միայն առևտրի ոլորտի հետ կապված մի քանի կետ է չկարգավորված մնացել։
«Ղրղըզստանն ու Հայաստանը արդեն բավականին հստակ հայտարարել են, որ մի քանի ամսից կցանկանային միանալ Եվրասիական նախագծին», – ասել է նա` ուրբաթ ելույթ ունենալով «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ։ Սակայն նա նշել է, որ «ճանապարհային քարտեզի» իրականացումն «առանց խոչընդոտների» չի ընթանում։
«Ղրղըզստանի հարցում ապրանքային հսկայական շուկաների հետ կապված որոշակի հարցեր կան, ինչպես նաև Չինաստանից կեղծ արտադրանքի ներկրման վտանգ կա, Հայաստանի դեպքում այս հարցում հստակ սահմաններ չկան», – հայտարարել է Սլուցկին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հայտարարել էր, որ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամագրվելու հարցում տարաձայնությունները տեխնիկական բնույթ են կրում։
Միաժամանակ Սլուցկու խոսքով` դեռևս վաղ է խոսել Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի` ԵՏՄ մտնելու մասին։ «Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինտեգրումը ԵՏՄ, առաջին հերթին, պետք է տեղի ունենա բնակչության կամքով։ Մենք պետք է հասկանանք, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը տեղի չի ունենում պարզապես «գրանցվեցիր և մտար» սկզբունքով, սա լուրջ տնտեսական միություն է, որին ինտեգրվելու համար պետք է ունենալ բավականին զարգացած տնտեսություն։ Աբխազիայի տնտեսությունը դեռևս այդպիսին չէ», – ասել է նա։
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։–0–

