Հայաստանի իշխանությունն այնպիսի որոշում չի ընդունի, որը կարող է սպառնալ Հայաստանի և ԼՂՀ–ի տնտեսական, ռազմական և կրթական տարածքի միասնությանը

30.05.2014, 16:42
Հայաստանի իշխանությունը չի ընդունել և չի ընդունի այնպիսի որոշում, որը կարող է կասկածի տակ դնել Հայաստանի և ԼՂՀ–ի տնտեսական, ռազմական և կրթական տարածքի միասնությունը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Հայաստանի իշխանությունն այնպիսի որոշում չի ընդունի, որը կարող է սպառնալ Հայաստանի և ԼՂՀ–ի տնտեսական, ռազմական և կրթական տարածքի միասնությանը

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունը չի ընդունել և չի ընդունի այնպիսի որոշում, որը կարող է կասկածի տակ դնել Հայաստանի և ԼՂՀ–ի տնտեսական, ռազմական և կրթական տարածքի միասնությունը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք ունենք երկու հայկական պետություն և, փաստորեն, միասնական տարածք բազմաթիվ ոլորտներում, բացի քաղաքականից, որտեղ ԼՂՀ–ն կարողացել է ինքնակառավարման ինստիտուտ ստեղծել, և ինքն է որոշում իր երկրի և ժողովրդի ճակատագիրը», – ասաց Աշոտյանը։

Հինգշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում հայտարարել էր, որ Երևանը մտադիր է մինչև հունիսի 15-ը միանալ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին պայմանագրին։

Աշոտյանի խոսքով` Հայաստանի ընտրած` եվրասիական ինտեգրման ճանապարհը բխում է երկրի ազգային և պետական շահերից։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունները ևս տեսնում են այն հեռանկարները (տնտեսական, հումանիտար և ռազմաքաղաքական), որոնք բացվում են Հայաստանի առաջ ԵՏՄ–ին անդամակցելու դեպքում, այդ պատճառով Ադրբեջանը փորձում է խոչընդոտել այդ գործընթացին։ «Եվ Ալիևի նամակը, առաջին հերթին, պատասխան է այն բոլոր հայ գործիչներին, ովքեր հոռետեսորեն են տրամադրված եվրասիական ինտեգրմանը», – ասաց նախարարը։

Միաժամանակ Աշոտյանը վստահություն հայտնեց, որ Հայաստանի` ԵՏՄ–ին անդամակցելու հարցը կլուծվի Հայաստանի պետական շահերի շրջանակում և այն ժամկետներում, որոնք նախօրեին Աստանայում նշել է նախագահ Սարգսյանը։

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած Իլհամ Ալիևի նամակին` նախարարը նշեց, – «Ակնհայտ է, որ Ղազախստանն իր շահերն ունի Ադրբեջանում, առաջին հերթին նավթագազային ոլորտում, հեռահաղորդակցության հարցերում և դեպի Եվրոպա տարանցիկ ուղիների հարցում»։ 

Նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է, թե «Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միայն այն սահմանների շրջանակում, որոնցով նա մտել է ԱՀԿ»։

«Երկու նախագահներն ունեն որոշակի ընկերական, մարդկային պարտավորություններ, սակայն այդ պարտավորությունների շրջանակները, ես վստահ եմ, չեն ազդի աշխարհաքաղաքական որոշումների վրա», – ասաց Աշոտյանն` ավելացնելով, որ Ալիևի նամակը ճակատագրական նշանակություն չի ունենա ԵՏՄ–ին անդամակցելու հարցում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի` ԵՏՄ–ին միանալու պայմանագիրը հարկավոր է ստորագրել ամենամոտ ժամանակում։ Նրա խոսքով` Աստանայում կայացած նիստի ժամանակ կողմերն անդրադարձել են «Եվրասիական միության մասնակիցների շրջանակի ընդլայնման հարցին, քննարկել են միությանը Հայաստանի միանալու պայմանագրի օրինագիծը։ «Հայկական կողմը կցանկանար դա անել հունիսին, ընդհանուր առմամբ մենք համաձայն ենք։ Հույս ունենք, որ Հայաստանը միության գործարկումից հետո կկարողանա դառնալ միության լիիրավ անդամ», – ասել է Պուտինը։

Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը մայիսի 29–ին Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր ստորագրեցին, որն ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ին։–0–