Լուգանսկի և Դոնեցկի հանրաքվեները հասցեագրված են ոչ թե Մոսկվային, այլ` Կիևին. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացված հանրաքվեները հասցեագրված են ոչ թե Մոսկվային, այլ` Կիևին, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Հաճախ գրում են, որ հանրաքվեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչների դիմումն է Մոսկվային։ Բայց դա այդպես չէ, հանրաքվեն ուղղված էր Կիևին»,– ավելացրեց նա։
Ուկրաինայի արևելյան երկու մարզերում` Դոնեցկում և Լուգանսկում, կիրակի տարածաշրջանների կարգավիճակի մասին հանրաքվե է անցկացվել։ Նախնական տվյալներով, երկու մարզերում էլ բնակչության 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին։
Իսկանդարյանը կարծում է, որ հանրաքվեն Ուկրաինայի Հարավ–արևելքի շահերը հաշվի առնելու փոևձն է, այդ թվում `առաջիկա նախագահական ընտրություններում։
Ուկրաինայի արտահերտ ընտրությունները նշանակված են մայիսի 25–ին, դրանց կմասնակցեն պետության ղեկավարի պաշտոնի 21 թեկնածուներ։ Եթե նշանակվի քվեարկության երկրորդ փուլ, ապա այն կկայանա ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը, այսինքն, հունիսի 15–ին։ Ուկրաինացի սոցիոլոգները կարծում են, որ վերջին հարցումների համաձայն, առավելագույն հնարավորություններն ունի թեկնածու Պորոշենկոն, ում օգտին պատրաստ են իրենց քվեները տալու բոլոր հարցվածների 32.9 տոկոսը և մայիսի 25–ին ընտրատեղամասեր գնալու պատրաստվողների 48.4 տոկոսը։ Փորձագետների գնահատականներով, այս թվերը հիմք են տալիս ասելու, որ ընտրությունները կարող են անցկացվել նույնիսկ մեկ փուլով։
«Այդ տարածաշրջանները ցանկանում են այնպես անել, որ նրանց կարծիքը հաշվի առնվի համաուկրաինական համատեքստում։ Նրանք չեն ցանկանում Ուկրաինան դարձնել մի պետություն, որի ազդակները ելնում են միայն Արևմուտքից կամ Հյուսիսից»,– ավելացրեց նա։
Փորձագետը նաև կարծիք հայտնեց, որ Հարավ–Արևելքի և պաշտոնական Կիևի միջև «առևտուր» է ընթանում, և հանրաքվեի անցկացումը կշռաքարերից մեկն է։
Ըստ նրա, եթե Ուկրաինայում հնարավոր լինի հասնել համաձայնության, ապա ամեն ինչ լավ է, իսկ եթե ոչ, եթե չստացվի, ապա Արևելքը կփորձի հասնել ինքնավարության, իսկ անհաջողության դեպքում` դե ֆակտո անկախության։ -0-

