Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակն անընդունելի է և անկայուն. Ուորլիք
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտու առկա իրավիճակն անընդունելի է և անկայուն, հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` չորեքշաբթի «Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամում հանդես գալով «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիները» թեմայով զեկույցով։
«Հաջորդ շաբաք մենք նշում ենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20–ամյակը։ Թեև մենք կարող ենք հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել բաց պատերազմի վերսկսումից, սակայն պետք է համաձայնենք, որ տիրող իրավիճակն անընդունելի է և անկայուն», – ասել է Ուորլիքը։
Նրա խոսքով` եկել է ժամանակը, որպեսզի հակամարտող կողմերն իրենց վրա վերցնեն խաղաղությանը հասնելու հարցերին ուղղված բանակցությունները սկսելու պարտավորությունը` հիմնվելով մինչ օրս արված աշխատանքի վրա։
«Իրատեսական չէ կարծել, թե ժամանակ առ ժամանակ իրականացվող հանդիպումները բավարար են խաղաղություն հաստատելու համար։ Երբ սկսվեն այդ բանակցությունները (ուղղված խաղաղության հասնելու հարցերին), կողմերը ոչ միայն պետք է հաստատեն հրադադարի ռեժիմը պահպանելու իրենց պարտավորությունները, այլև ձեռնարկեն սպասված և անվտանգության համար չափազանց անհրաժեշտ քայլերը, որոնք ուղղված են վստահության ձևավորմանը», – նշել է նա։
Համանախագահն ընդգծել է, որ երբ կողմերը սկսեն խաղաղություն ձեռք բերելուն ուղղված բանակցությունները, նրանք կարող են ներկայացնել գործնական հարցերի ավելի լայն շրջանակ, որից կշահեն բոլորը։
«Կձևավորվեն տնտեսական և կոմերցիոն խթաններ, կվերականգնվեն էներգետիկ, տրանսպորտային և հեռուստահաղորդակցական կապերը, կկազմակերպվեն փոխայցելություններ և ժողովուրդների միջև շփում ապահովող ծրագրեր, որոնք հակակշիռ կլինեն այսօր գերիշխող վտանգավոր և միակողմանի պատմություններին», – ավելացրել է նա։–0–

