«Մերեց» կուսակցության առաջնորդ. Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հրեա ժողովրդի բարոյական պարտքն է
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայել սոցիալ-դեմոկրատական «Մերեց» կուսակցության նախագահ Զախավա Գալյոնը Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հրեա ժողովրդի բարոյական պարտքն է համարում։
«Ուղիղ մեկ տարի անց` ապրիլի 24-ին աշխարհը կնշի հայ ժողովրդի ցեղասպանության հարյուրամյակը։ շատ տարիների ընթացքում Մերեց խմբակցության ներկայացուցիչներ Յաիր Ցաբանը, Յոսի Սարիդը, Խաիմ (Ջումես) Օրոնը և ես Քնեսեթի լիագումար նիստի օրակարգ ենք ներկայացնում այդ պատմական փաստը պաշտոնապես ճանաչելու առաջարկը։ Ես անկեղծորեն կարծում եմ, այդ քայլը մեր պարտքն է։ Իսրայելի խորհրդարանն այդ հարցում պարզ դիրքորոշում պետք է հրապարակի։ Դա հատկապես կարևոր է Իսրայելի կառավարության բարձրաձայն և բազմամյա լռության ֆոնին», – ընդգծել է Գալյոնն իր հոդվածում, որը տեղադրված է zahav.ru կայքում։
«Միանգամից նշեմ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց չէ։ Դա մեր բարոյական պարտքն է, որը որևէ կապ չունի մեր քաղաքական համակարգի աջ կամ ձախ թևի հետ։ Իմ քաղաքական ընդդիմախոսները` Ուզի Լանդաուն, Բենի Բեգինը, Ռուվի Ռիվլինը, մեծ ջանք են գործադրել այդ հարցի առաջխաղացման գործում։ Ես նշում եմ այդ փաստն այն պատճառով, որ չափազանց երկար տարիներ հայ ժողովրդի ողբերգությունը Իսրայելի արտաքին քաղաքականության գործիքներից մեկն էր։ Մեր կառավարությունները նախընտրում էին նեղ և ցինիկ շահերի զոհ դարձնել զոհերի հիշատակը։ Իսրայելը նախընտրում է Թուրքիայի դիրքորոշումն ընդունել և հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – ավելացրել է նա։
Գալյոնի խոսքերով` իր համար դժվար է հասկանալ, թե ինչու են թուրքերը մինչև հիմա հրաժարվում իրենց վրա վերցնել ողբերգության պատասխանատվությունը։ «Նաև գիտակցում եմ Թուրքիայի Հանրապետության հետ մեր դիվանագիտական հարաբերությունների կարևորությունը։ Միաժամանակ չեմ կարող ընդունել պատճառաբանությունները, որոնք մշտապես օգտագործում է մեր կառավարությունը, օրինակ` «չկան համապատասխան քաղաքական պայմաններ», «ինչ կլինի ռազմավարական հարաբերությունների հետ», «դա պատմաբանների հարցն է» և այլն։ Այս ամենը արվում է մի նպատակի համար` հեռանալ ճիշտ որոշում ընդունելուց։ Սակայն ամենավատը, ինչպես «Ժխտում. Իսրայել և Հայոց ցեղասպանություն» գրքում գրում է պրոֆեսոր Յաիր Օրոնը, մեր կառավարության և ԱՄՆ–ի հրեական կազմակերպությունների համատեղ փորձերն են, որոնք ուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչման խափանմանը», – ընդգծել է կուսակցության ղեկավարը։
«Հաշվի առնելով այս ողջ ցինիզմը` ես` որպես Հոլոքոստը վերապրած մարդկանց դուստր, չեմ կարող լռել։ Հավատում եմ, որ հրեա ժողովուրդը, որը անցել է զանգվածային ոչնչացման միջով, հասկանում է Հոլոքոստի ժխտման հետևանքները և մինչ օրս պայքարում է այդ երևույթի դեմ, պարտավոր է զգայուն լինել այլ ժողովուրդների ողբերգությունների նկատմամբ։ Սա մեր բարոյական պարտքն է։ Մենք պետք է այդ մասին բարձրաձայնենք` Իսրայելն այլևս չի մասնակցելու Հայոց ցեղասպանության ժխտման գործին», – ավելացրել է նա։
Գալյոնի կարծիքով` այս ամենից չի հետևում, որ իրենք հավասարության նշան են դնում Եվրոպայի հրեաների ողբերգության և Հայոց ցեղասպանության միջև։ «Չեմ կարծում, որ մարդկության ողջ պատմության ընթացքում եղել է մի իրադարձություն, որը նման է նրան, ինչ արեցին նացիստները Եվրոպայի հրեաների նկատմամբ։ Սակայն մենք չենք կարող ժխտել փաստերը։ Ժողովուրդների զանգվածային սպանություններ տեղի են ունեցել անցյալում և, ցավոք, շարունակվում են նաև հիմա։ Այդ պատճառով հիմնվելով սեփական դառը փորձի վրա` մենք պետք է պաշտպանենք, կանխենք և միջազգային հանրության ուշադրությունը գրավենք ցեղասպանության ցանկացած դրևսորման նկատմամբ», – նշել է Գալյոնը։
«Վերջին ժամանակներս մեր կառավարությունը, փորձելով կանխել Քնեսեթում այդ հարցի քննարկումը, այն ուղարկում է ատրասահմանյան հարցերի և պաշտպանության խորհրդարանական հանձնաժողով։ Սակայն այնտեղ ևս քննարկումն անվերջ հետաձգվում է։ Այսպես, օրինակ, Ավիգդոր Լիբերմանը, ով այդ հանձնաժողովի նախագահն է, ամեն անգամ հետաձգում էր քննարկումը կես տարով կամ ավելի երկար ժամանակով։ Ես հուսով եմ, որ այս անգամ մեզ կհաջողվի այդ քննարկումը վերահասցեագրել կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողով, և Երուսաղեմում կհնչի հայ ժողովրդի ողբերգական պատմությունը։ «Մավի Մարմարա» նավի հետ կապված իրադարձություններից հետո Թուրքիայի հետ մեր հարաբերությունները զրոյի հավասարվեցին, թեև վերջին ժամանակներս փորձեր արվում են շտկել իրավիճակը։ Ես համոզված եմ, որ դա մեր ռազմավարական շահն է, բայց միաժամանակ մենք պետք է հասկացնենք մեր թուրք գործընկերներին, որ ցեղասպանության ճանաչումը մարտահրավեր կամ սադրանք չէ։ Այդ քայլը հրեա ժողովրդի բարոյական պարտքն է», - ընդգծեց «Մերեց» կուսակցության առաջնորդը։—0—

