Հայաստանն ապրիլի 29–ին Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիր կստորագրի. Ավանեսյան
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանն ապրիլի 29–ին Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիր կստորագրի, հինգշաբթի լրագրողներին հայտնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը։ Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանի համար ՄՄ–ի անդամակցության շրջանակում բացառությունների թվի և ձևաչափի հարցերով բանակցությունները դեռևս շարունակվում են, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։
2014 թվականի ապրիլի 29–ին Մինսկում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը պետությունների ղեկավարների մակարդակով։
«Օրն արդեն որոշվել է` ապրիլի 29–ը, բայց բանակցությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն ապրիլի 28–ին։ Այժմ մենք չենք կարող ասել` կավարտվե՞ն բանակցությունները մինչ այդ, թե՞ ոչ։ Հույս ունենք, որ կավարտվեն»,– ասաց Ավանեսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է պայմանագիր ստորագրել, եթե դեռ չեն սահմանվել Հայաստանի` ՄՄ–ին անդամակցելու պայմանները, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ դա նորմալ պրակտիկա է։ «Ցանկացած բանակցություններում լինում է փաստաթղթի ստորագրման օր և բանակցությունների ավարտի օր»,– ասաց նա։
Ավանեսյանը չմանրամասնեց բացառությունների վերաբերյալ բանակցությունները, նշելով միայն, որ մի քանի չհամաձայնեցված հարց է մնացել։
«Բանակցությունները բավականին ինտենսիվ են, քանի որ իրականում շահերը տարբեր են»,– ասաց նա։
Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։ ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով, որը բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։
Երևանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիտարկմանն է ուղղել 900 ապրանքներից բաղկացած բացառությունների ցուցակ, որոնց նկատմամբ արտոնյալ մաքսատուրքեր պետք է կիրառվեն։ -0-

