Գլխավոր դատախազությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել Յանուկովիչի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ, ով Գերագույն ռադայի կողմից փետրվարին հեռացվել էր նախագահի պաշտոնից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։
Ուրբաթ Ուկրաինայի ժողովրդին հղած իր ուղերձում Յանուկովիչը Ուկրաինայում գործող իշխանություններին համարել է անօրինական և կոչ է արել երկրի մարզերին մայիսի 25–ին նշանակված արտահերթ ընտրությունների փոխարեն հանրաքվե անցկացնել։ «Միայն համաուկրաինական հանրաքվեն, ոչ թե հրատապ արտահերթ ընտրությունները կարող են զգալիորեն կայունացնել քաղաքական իրավիճակը և պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը»։
Գլխավոր դատախազությունում կարծում են, որ իր հայտարարություններով Յանուկովիչը ոտնձգություն է թույլ տվել «Ուկրաինայի ներքին անվտանգության նկատմամբ սահմանադրական կարգի և պետական իշխանության գործունեության ոլորտներում»։
«Ուկրաինայի գլխավոր դատախազության քննչական ստորաբաժանումը տեղեկություններ է ներառել Նախաքննական միասնական ռեեստրում քրեական իրավախախտումների մասին, որոնք կատարել է Ուկրաինայի քաղաքացի, նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Ըստ հատկանիշների` նշված իրավախախտումը վերաբերում է Ուկրաինայի ՔՕ 109–րդ հոդվածի 3–րդ կետին (գործողություններ, որոնք ուղղված են սահմանադրական կարգը բռնի կերպով փոփոխության ենթարկելուն կամ տապալելուն կամ պետական իշխանության զավթմանը)», – նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Յանուկովիչի նկատմամբ քրեական գործեր էր հարուցել 2010 թ.–ին իշխանության զավթման փաստով և այն գործողությունների համար, որոնք ուղղված են սահմանադրական կարգի փոփոխությանը կամ տապալման կամ պետական իշխանության զավթմանը։ Բացի այդ, գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահի նկատմամբ Կիևի Մայդանում 2013 թ.–ի նոյեմբերից մինչև 2014 թ.–ի փետրվար զանգվածային միջոցառումների անցկացման ժամանակ դիտավորյալ սպանությունների կազմակերպման փաստով։
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը թափ առավ 2013 թ.–ի նոյեմբերի վերջին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց երկրի եվրաինտեգրման դադարեցման մասին։ «Եվրամայդան» կոչվող զանգվածային ակցիաներ կազմակերպվեցին ողջ Ուկրաինայում և հունվարին վերածվեցին ծայրահեղականների և միլիցիայի միջև բախումների։ Զանգվածային փողոցային անկարգությունները Կիևում վերսկսվեցին փետրվարի 18–ին, ինչի հետևանքով զոհվեցին տասնյակ մարդիկ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավել վաղ հայտարարել էր, որ Յանուկովիչը տեղեկացրել է իրեն, որ հրահանգ չի տվել կրակել խաղաղ ցուցարարների ուղղությամբ և անգամ հրահանգել է Կիևից դուրս բերել միլիցիայի բոլորի ստորաբաժանումները։ –0–

