Հայ պատգամավորները մեկնել են Սիրիայի Լաթաքիա բնակավայր
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մի խումբ հայ պատգամավորներ մեկնել են Սիրիայի Լաթաքիա բնակավայր, որպեսզի տեղում ծանոթանան հայաբնակ Քեսաբի փախստականների վիճակին, հայտարարել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը։
Նրա խոսքերով` պատվիրակության կազմում ներառվել են իշխող ՀՀԿ–ից պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Լևոն Մարտիրոսյանը, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Սիրիայի հյուսիս–արևմուտքում գտնվող Քեսաբ բնակավայրը երկար ժամանակ հեռու էր մնում խոշոր ռազմական գործողություններից։ Հայազգի բնակչության թիվը մի քանի տարվա ընթացքում աճեց պատերազմի մեջ ներքաշված Յակուբիեից, Ռակայից և Հալեպից այնտեղ ժամանած հայերի հաշվին։
Մարտի 21–ի առավոտյան օտարերկրյա ծայրահեղական խմբավորումները հարձակվել են Քեսաբի վրա` ստիպելով քաղաքացիական բնակչությանը տեղափոխվել հարևան Լաթաքիա։–0–

