«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահի հրաժարական չի պահանջի. Աբրահամյան
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջի։
Խորհրդարանի ոչ կոալիցիոն չորս խմբակցություններ` ՀՅԴ–ն, «Հայ ազգային կոնգրեսը» (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Ժառանգություն» կուսակցությունները չորեքշաբթի Ազգային ժողովում կայացած փակ նիստում համաձայնության են եկել կառավարությանն անվստահության քվե հայտնելու հարցում։ Նաև արծարծվում է նախագահի հրաժարականը պահանջելու հարցի հավանականությունը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջի նախագահի հրաժարականը` Աբրահամյանը պատասխանեց` «կարծում եմ, որ ոչ»։
ԶԼՄ–ների ներկայացուցիչները նշեցին, որ խորհրդարանական չորս խմբակցությունների կարծիքով` կառավարությանն անվստահության քվե հայտնելու դեպքում Հայաստանի հանրապետական կուսակցությունում «առնետավազք» կսկսվի, Աբրահամյանն էլ պատասխանեց. «Չեմ կարծում, թե այդպիսի բան կլինի։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և խորհրդարանական խմբակցությունը շատ ամուր են, և պառակտման նախադրյալներ չեմ տեսնում»։
Հայկական խորհրդարանի ոչ կոալիցիոն ուժերն արդեն մի քանի անգամ հայտարարել են կառավարությանն անվստահության քվե հայտնելու մասին։ Նրանք այդ հարցով բանակցություններ են վարել։ -0-

