ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ. ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղությունը հնարավոր է
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղությունը հնարավոր է։
Այս մասին նա գրել է Twitter–ի իր միկրոբլոգում Հաագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։
«Դրական հանդիպումներ ենք ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Համատեղ աշխատանքի դեպքում կայուն խաղաղությունը հնարավոր է», – գրել է Ուորլիքը։
«Այսօր ինձ ուղղեցին` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հակամարտություն։ Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ցանկանում հակամարտող բոլոր կողմերի համար»։
Նախօրեին աշխատանքային այցով Նիդեռլանդներում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), ինչպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

