ԼՂՀ վարչապետը ողջունում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի ցանկացած իրագործում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ ողջունում է ժողովրդի ինքնորոշման իրավունքի ցանկացած իրագործում։
«Ընդհանուր առմամբ ողջունելի եմ համարում ինքնորոշման իրավունքի ցանկացած իրացում, ինչն ամրացնում է Արցախի անկախության իրավական հիմքերը»,– Հարությունյանի խոսքն են մեջբերել ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Սակայն, մյուս կողմից, արցախահայությունն ավելի քան քսան տարի առաջ է ինքնորոշվել և իր իրավունքները պաշտպանել պատերազմում»,– հայտնել է Հարությունյանը ԼՂՀ Շահումյանի և Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ այցելության ժամանակ։
Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող բազմակի ստանդարտները, արցախցիներն իրենք պետք է կերտեն իրենց ապագան ու պետականությունը՝ առաջին հերթին մարտունակության, այնուհետև տնտեսական ու ժողովրդագրական զարգացման ճանապարհով:
Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարան Ռուսաստանի կազմում Ղրիմի և Սևաստոպոլի ներառման մասին սահմանադրական օրենքներ է մտցրել: Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը Ռուսաստանի կազմում հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի ներառման մասին պայմանագիր են ստորագրել։
Երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ողջույն է հղել Ղրիմի ժողովրդին պատմական հնարավորության իրացման առիթով։
Փաստաթղթում նշվում է, որ Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ նախադեպ է, որը հաստատել է, որ պետության տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքում գերակշռող չէ ժողովրդի ազատ կամարտահայտման նկատմամբ։
Իսկ մեկ օր առաջ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը Ղրիմի Ինքնավար Հանրապետության հանրաքվեն անվանեց ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործման ևս մեկ դրսևորում։ -0-

