Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ –ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը վավերացնելու շուրջ քվեարկությունը ՀՀ ԱԺ–ում կանցկացվի երկուշաբթի, տեղեկացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Հայ խորհրդարանականներն այս համաձայնագիրը քննարկում են ուրբաթ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2–ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից հետո։ Համաձայնագրին համապատասխան` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը
Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումը ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։
Համաձայնագրի նախագծի համաձայն, ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ ապահովել` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները, ներառյալ` գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Գազպրոմը» 2014–2018 թթ.–ին Հայաստան կմատակարարի տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի արժեքը կսահմանվի գազի ռուսական գնագոյացման հետ կապված գնի բանաձևին համաձայն։ 2012 թ.–ին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 1,7 մլրդ խորանարդ մետր գազ։-0-