«Ժառանգություն» հայկական ընդդիմադիր կուսակցությունն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինք ստեղծելու հարցը կլուծի մարտի 2-ի համագումարում, ուրբաթ հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ներկայում մենք երկխոսություն ենք ծավալել «Ազատ դեմոկրատների հետ», բայց վերջնական որոշումը կընդունվի կուսակցական համագումարում»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց նաև, որ երկու կուսակցություններն ընդհանուր դիրքորոշում ունեն պետության կառավարման ձևի, մասնավորապես, խորհրդարանական մոդելի, ինչպես նաև համամասնական ընտրակարգի անցնելու և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ:
Կուսակցության ղեկավարը պարզաբանեց, որ «Ժառանգությունը» պատրաստ է համագործակցել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ մեկ նպատակի՝ երկրի բարգավաճմանը հասնելու համար:
«Մենք պատրաստ ենք համագործակցել, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ, բայց միայն երկրի խորհրդարանական լեգիտիմ ընտրությունների դեպքում»,- ասաց Հովհաննիսյանը:
Ընթացիկ գումարման խորհրդարանում ներկայացված է հինգ խմբակցություն, որոնցից երեքը կոալիցիոն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները, և երկու ընդդիմադիր՝ «Ժառանգություն» և Դաշնակցություն կուսակցությունները:
Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի մայիսին:
«Ժառանգություն» կուսակցությունն ազատական-դեմոկրատական կուսակցություն է, հիմնադրվել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից 2002 թվականին: Ներկայում կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է վեց պատգամավորներով: -0-