Թուրքիան առաջիկայում չի ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Որքան էլ խոսեն, որ Ֆրանսիան ուժեղ և ազդեցիկ երկիր է, միևնույն է՝ Ֆրանսիան այդքան ուժեղ ազդեցություն չունի Թուրքիայի վրա»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը, որն այժմ պետք է ստորագրվի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
Խոսելով այն մասին, որ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո թուրքական հանրությունում ակտիվացել են հայամետ տրամադրությունները, Շաքարյանն ասաց, որ դրանց տեսակարար կշիռը Թուրքիայի ընդհանուր բնակչության 1 տոկոսն էլ չի կազմում:
«Այն մարդիկ, ովքեր հունվարի 19-ից հետո (2007թ.-ին այդ օրը Ստամբուլում իր խմբագրության մոտ սպանվել է Դինքը) փողոց են դուրս եկածները սոցիալիստներն էին, ովքեր բողոքում էին ազատ մտածող լրագրողի սպանության դեմ»,- ասաց նա:
Միաժամանակ թուրքագետը նաև կարծում է, որ Ֆրանսիայի օրինակին կարող են հետևել Բելգիան և Հոլանդիան:
«Այն երկրները, որոնք ռազմավարական կապերով կապված չեն Թուրքիայի հետ, կարող են և այդ ձևաչափով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց նա:
Սակայն, ըստ Շաքարյանի, դժվար է նման զարգացումներ ակնկալել այնպիսի երկրից, ինչպիսին Գերմանիան է, քանի որ թուրքական հանրությունն այդ երկրում բավական կազմակերպված է և բավական լուրջ քաղաքական ուժ է ներկայացնում:
«Այսօր Գերմանիայում նման օրինագիծը քննարկվում է հակաթուրքական քաղաքական ուժերի կողմից, սակայն թուրքերը, ցավոք, այսօր զզալի ազդեցություն ունեն Գերմանիայի վրա»,- ասաց նա:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-