Հայաստանի հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգի ներդրման շուրջ ծավալված բանավեճն արհեստական բնույթ է կրում, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՍԻՄ կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանը:
«Ժառանգություն» և Դաշնակցություն ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունները հունվարի 12-ին շրջանառության մեջ են մտցրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնք նախատեսում են մեծամասնական ընտրահամակարգի դյուրացում և անցում հարյուրտոկոսանոց համամասնական համակարգի:
«Այդ հարցն արհեստական բնույթ է կրում, քանի որ չի պատասխանում Հայաստանի ներկայիս քաղաքական համակարգի զարգացմանը»,- հայտարարեց Բաբուխանյանը:
«Չեմ կարծում, թե այն կուսակցությունները, որոնք բարձրացնում են այդ հարցը, կարող են ապահովել Ազգային ժողովում մարզերի ներկայացուցիչների ներկայությունը: Օրինակ, «Ժառանգություն» կուսակցությունը: Այն այդքան էլ հայտնի չէ Երևանի սահմաններից դուրս, իսկ նրա մարզային կառույցներն այդքան էլ զարգացած չեն: Սա նշանակում է, որ այդ պայմաններում (հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգ) մենք խորհրդարանում մարզերի ներկայացված լինելու խնդիր կունենանք»,- ավելացրեց նա:
«Սահմանադրական իրավունք» Միություն» կուսակցությունը ստեղծվել է 1988 թվականին, պաշտոնապես գրանցվել է արդարադատության նախարարությունում 1989 թվականին: -0-