Թբիլիսին առաջվա պես Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կապում է Հարավային Օսեթիայի և Աբխազիայի խնդրի հետ, որոնց անկախությունը Ռուսաստանը ճանաչեց 2008 թվականի օգոստոսյան հակամարտությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չորեքշաբթի հույս է հայտնել, որ վրաց ժողովրդի հետ հարաբերությունների «օտարման փուլը» շուտով կանցնի, բայց դրա համար պետք է Վրաստանի իշխանությունների կողմից ընդառաջող քայլեր կատարվեն: Ռուս առաջնորդը միաժամանակ չի փոխել իր դիրքորոշումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ, ում հետ համագործակցելու անհնարինության մասին Մոսկվան արդեն բազմաթիվ անգամ է հայտարարել:
«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն միայն այն դեպքում, եթե լուծարվեն Սուխումիում և Ցխինվալում այսպես կոչված անօրինական դեսպանությունները»,- հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահի մամուլի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:
ՌԴ-ի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվել ռն Թբիլիսիի նախաձեռնությամբ՝ Ցխինվալի հետ վերջինիս հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունից հետո: -0-