ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիային չեն վախեցնում Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր բարդացումները, կարծում է Քաղաքական հետազոտությունների և կոնֆլիկտոլոգիայի կիևյան կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբինսկին:
Փորձագետի խոսքերով՝ Ֆրանսիան ԵՄ-ում Թուրքիայի ինտեգրման գաղափարի գլխավոր ընդդիմախոսն է: «Այդ պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների բարդացումները նրան չեն վախեցնում, նրանք առանց այդ էլ այդքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն», - ասել է քաղաքագետը analitika.at.ua-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայում կա ուժեղ և ազդեցիկ հայկական համայնք, և ընտրություններից առաջ իշխող կուսակցությունը դա հաշվի է առնում:
Ֆրանսիայի Սենատը հունվարի 24-ին կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Օրինագծին կողմ է քվեարկել 127 պատգամավոր, դեմ՝ 86 պատգամավոր, քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագիծը նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք:
2011 թ.-ի դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից:
Թուրքիայի իշխանություններն այս ամենին ի պատասխան սպառնում են խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ:-0-