ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան չի ճանաչում Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը՝ երեքշաբթի խորհրդարանում ելույթ ունենալով իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ:
«Մեզ համար այդ օրենքը գոյություն չունի», - ասել է նա: Էրդողանը օրինագծի քվեարկությունը «պատվիրված է» համարել, իսկ փաստաթուղթը՝ «ռասիզմի, խտրականության դրսևորում, մտքի ազատության սպանություն, Եվրոպայի արժեքների և պատմության նկատմամբ անարդարություն», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սենատում օրինագծի քվեարկությունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Նախորդ տարվա դեկտեմբերին այն ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից:
Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից օրինագծի ընդունումից հետո Թուրքիան դեկտեմբերին խորհրդակցության նպատակով Փարիզից հետ է կանչել իր դեսպանին, հայտարարել է քաղաքական, ռազմական և տնտեսական մակարդակներում փոխայցելությունների, ռազմական համագործակցության սառեցման մասին, չեղյալ է համարել համատեղ զորավարժությունները, տեղեկացրել է մի շարք այլ հակամիջոցների մասին: Այն ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտարարել է Ֆրանսիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին՝ կախված օրինագծի ընդունման հետ կապված իրավիճակի զարգացումից:
«Մենք արդեն ամեն ինչ ասել ենք և ամեն ինչի մասին զգուշացրել ենք: Աստիճանաբար պատժամիջոցներ ենք կիրառելու և չենք հրաժարվի դրանցից: Դեռևս համբերում ենք և հետևում ենք իրադարձությունների զարգացմանը», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ ակնարկելով, որ Անկարայում սպասում են օրինագծի շուրջ Ֆրանսիայի նախագահի որոշմանը: «Կախված իրավիճակի զարգացումից՝ մենք գործի կդնենք մեր կողմից պատրաստված գործողությունների ծրագիրը», - ընդգծել է Էրդողանը:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ նախորդ երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործկոմի նիստի ժամանակ, որը գլխավորում է Էրդողանը, քննարկվել են Ֆրանսիայի նկատմամբ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցները: Մասնավորապես, ինչպես գրում է «Միլիեթ» թերթը, հնարավոր է, որ խոսքը անորոշ ժամանակով Փարիզից դեսպանի և ռազմական կցորդի հետ կանչման, Անկարայում ֆրանսիացի ռազմական կցորդին հավատարմագրումից զրկելու, Ֆրանսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նվազագույնի հասցնելու (մինչև երկրորդ քարտուղարի մակարդակի), Թուրքիայում անցկացվող տենդերներին ֆրանսական ընկերությունների մասնակցության արգելքի, ֆրանսիական բանակի ռազմական ինքնաթիռների և նավերի համար թուրքական օդային տարածքի փակման մասին է: Թուրքական կողմը, բացի այդ, կօգտագործի միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները՝ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված որոշումը չեղյալ համարելու համար, նշում է «Միլիեթը»:-0-