Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 23-ին ուղերձ է հղել ֆրանսիացի սենատորներին՝ կոչ անելով կողմ չքվեարկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծին, հաղորդում է Daily News թուրքական պարբերականը:
«Մենք ակնկալում ենք, որ Սարկոզին, իր կուսակցությունը և Ֆրանսիայի Սենատն ամենից առավել կհարգեն եվրոպական արժեքները: Նրանք, ովքեր օգտագործեն պատմությունը, ինքները կտուժեն դրանից»,- հեռուստաելույթի ժամանակ ասել է Դավութօղլուն:
Նա ավելացրել է նաև, որ եթե օրինագիծն անցնի, ապա դա ընդմիշտ «սև հետք» կմնա ֆրանսիական պատմության մեջ, «և մենք միշտ նրանց կհիշեցնենք դա»,- ամփոփել է նա:
Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին ընդունել էր մի օրինագիծ, որը ենթադրում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք ցեղասպանության ժխտման համար:
Ֆրանսիայի Սենատն այս օրինագիծը կքննարկի հունվարի 23-ին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցի ժամանակ հույս է հայտնել, որ թուրք իշխանություններն ու հասարակությունը խելամիտ կգտնվեն հայոց ցեղասպանության հարցում, և դա կկատարվի իր պաշտոնավարման տարիներին: -0-