Հայաստանի քաղաքական ուժերի մեծ մասը հանդես է գալիս 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու օգտին, ուրբաթ կլոր սեղանի ընթացքում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Ժառանգություն» և ՀՀԴ կուսակցությունների խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հունվարի 12-ին խորհրդարանին առաջարկեցին մեծամասնական ընտրահամակարգի լուծարում և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում նախատեսող օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
«Վստահ եմ, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը ցանկանում են անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, քանի որ դա, անկասկած, կբարձրացնի հասարակության վստահությունն ընտրությունների նկատմամբ»,- ասաց Ռուստամյանը:
«Ժառանգություն» հայկական ընդդիմադիր կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, խոսելով մեծամասնական ընտրահամակարգի խնդիրների և խորհրդարանում խոշոր բիզնեսի ներկայության մասին, իր հերթին նշեց, որ օլիգարխների առկայությունն Ազգային ժողովում ոչ թե պատճառ է, այլ հետևանք, քանի որ հայ ձեռնարկատերերն իրենց պաշտպանված չեն զգում:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ Հայաստանում գործում է կեղծարարությունների համակարգը, որը պետք է հնարավորինս արագ վերացնել:
«Հայ ժողովրդի կամքը ոտնահարվում է, և առաջիկա խորհրդարանական ընտրությունները երկրի քաղաքական ճգնաժամը քաղաքակիրթ ձևով լուծելու վերջին հնարավորությունն են»,- ասաց Զուրաբյանը, նշելով, որ ՀԱԿ-ը պատրաստվում է համահանրապետական հանրահավաք անցկացնել փետրվարի 17-ին:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանն իր հերթին նշեց, որ այս պահին 100-տոկոսանոց համամասնական համակարգին անցնելը նպատակահարմար չէ: Նա ասաց, որ Վենետիկյան հանձնաժողովի համաձայն, Եվրոպայի Խորհրդի ցանկացած անդամ- պետություն կարող է ինքնուրույն ընտրել ընտրահամակարգ:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2012 թվականի մայիսին:
Հայաստանի Ազգային ժողովում 131 պատգամավոր կա, նրանցից 41-ն ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական ընտրակարգով:
Հայաստանի ընթացիկ գումարման խորհրդարանում ներկայացված է հինգ խմբակցություն, որոնցից երեքը՝ կոալիցիոն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններ, ինչպես նաև երկու ընդդիմադիր՝ «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանում ամենաշատ տեղերն է զբաղեցնում՝ 63 մանդատ: -0-