Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ստամբուլյան դատարանի վճիռը վկայում է Թուրքիայում դատական բարեփոխման անհրաժեշտության մասին, կարծում է ԵԽ Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օյմեն Ռոյթենը:
«Դատավճիռը հիասթափություն է առաջացնում: Հրանտ Դինքի գործը կարող է դառնալ այն բանի օրինակը, թե իրավապահ մարմիններն ինչպես պետք է լուծեն հասարակության մեջ ավերիչ ուժերի հետ կապված խնդիրները», - մեջբերեցին Ռոյթենի խոսքերը ԵԽ-ում Եվրոպական ազգային կուսակցության խմբի մամուլի ծառայությունից:
Թուրքիայի մասին իր զեկույցներում Եվրախորհրդարանը բազմիցս կոչ է արել թուրքական իշխանություններին լիարժեք քննություն անցկացնել Հրանտ Դինքի սպանության գործով և պատասխանատվության ենթարկել հանցագործության հետ կապված բոլոր անձանց:
Թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (Hrant Dink) սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում, իր գրասենյակի մոտ: Սպանությունից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել է հանցագործությունը, հայտարաարելով, որ որոշել է սպանել լրագրողին, նախևառաջ, Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող նրա հրապարակումնեևրի համար:
Դինքի սպանության գործով դատավարությունը, որին ուշադրություն էին դարձնում նաև ԵՄ-ում, տևեց 2007 թ.-ի հուլիսից մինչև այս տարվա հունվարի 17-ը: Նախորդ տարի դատարանը 21 տարի և տասն ամիս ազատազրկման էր դատապարտել սպանության անմիջական կատարող Օգյուն Սամաստին, ում 18 տարին այդ պահին չէր լրացել: Դինքի ընտանիքի փաստաբանները կարծում են, որ Սամաստը խաղաքարն էր մի հանցագործության պատվիրատուների ձեռքում: Դատավարության արդյունքում Յասին Խայալը, ով դատարանի կողմից ճանաչվեց հանցագործության կազմակերպիչ, դատապարտվեց ցմահ բանտարկության, ևս 17 դատապարտյալներ, ովքեր մեղադրվում էին ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ, արդարացվեցին, ևս մեկ մեղադրյալի նկատմամբ դատավճիռ չի կայացվել:
Դատարանը վճռեց, որ որևէ հանցավոր խումբ կապ չունի լրագրողի սպանության հետ, ինչը Թուրքիայում քննադատության մեծ ալիքի պատճառ դարձավ: Սկզբից քննությունը հայտարարում էր, թե հանցագործության կատարման մեջ ներգրավված են անձինք, ովքեր կապ ունեն ինչ-որ գաղտնի կազմակերպության գործունեության հետ, որը կառավարության տապալում էր ծրագրում:-0-