Այն միջազգային կազմակերպությունները, որոնք Աբխազիայի քաղաքացիների կառաջարկեն Վրաստանում ստեղծված «չեզոք» անձնագրեր, կլքեն Աբխազիան, չորեքշաբթի երկրի ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը:
Արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ հանդիպման ընթացքում նախագահը շոշափել է Աբխազիայում գործող միջազգային կազմակերպությունների գործունեությանն առնչվող հարցեր: ԱԳՆ ղեկավարության տեղեկություններով՝ որոշ կազմակերպություններ կարող են Աբխազիայի քաղաքացիներին առաջարկել «չեզոք» անձնագրեր, որոնք ստեղծվում են Վրաստանում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի բնակիչներին տալու համար: Դա նախևառաջ վերաբերում է միջազգային կազմակերպությունների՝ երիտասարդների համար կազմակերպած ուղևորություններին, հստակեցրել է Չիրիկբան:
«Այն միջազգային կազմակերպությունները, որոնք Աբխազիայի քաղաքացիներին այսպես կոչված «չեզոք» անձնագրեր կառաջարկեն, կլքեն Աբխազիան»,- ասել է Անկվաբը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահը նշել է, որ միջազգային կազմակերպությունները պետք է համագործակցեն Աբխազիայի ԱԳՆ-ի հետ:
«Մենք կպնդենք, որ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող ուղևորություններն իրականացվեն աբխազական անձնագրերով»,- ընդգծել է Անկվաբը:---0-