Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովը մերժել է հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը
Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեղվող քրեական պատասխանատվության վերաբերյալ օրինագիծը ֆրանսիական սենատում չորեքշաբթի բախվեց առաջին դիմակայությանը՝ այն մերժեց Սենատի օրենքների հանձնաժողովը, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը:
Հանձնաժողովը քվեարկել է տեքստի անընդունելի լինելու առաջարկի օգտին: Ինչպես նշում է գործակալությունը, դա սպասված որոշում էր՝ հաշվի առնելով հանձնաժողովի անդամների դիրքորոշումը, որոնց մի մասը դեռ 2011 թվականի մայիսի 4-ին քվեարկել էր նման առաջարկի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Քվեարկության արդյունքները կուղղվեն խորհրդարանի վերին պալատի հաստատմանը երկուշաբթի՝ հունվարի 23-ին, որտեղ, գործակալության տվյալներով, այն տապալվելու բոլոր նախադրյալներն ունի, քանի որ սենատորների մեծամասնությունը կողմ է օրինագծին:
Խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, դեկտեմբերի 22-ին հավանություն տվեց տեքստին, որն ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք է նախատեսում օրենքով ճանաչված ցանկացած ցեղասպանության ժխտման համար: Խոսքը, նախևառաջ, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության մասին է: Հայկական բնակչության զոհերի թիվը կազմում է մոտ 1,5 միլիոն: Օրինագիծն առաջարկվել է «Ժողովրդական շարժում» միություն իշխող կուսակցության (UMP) պատգամավորի կողմից:
Սոցիալիստները, ովքեր սեպտեմբերից Սենատում մեծամասնություն են կազմում, նույնպես մտադիր են քվեարկել օրինագծի օգտին: Ինչպես հայտնել է սոցիալիստական խմբակցության ղեկավարը, նրա գործընկերների մեծամասնությունը «կողմ» կարտահայտվի, իսկ մյուսները ձեռնպահ կմնան:
Կենտրոնամետները, ովքեր Սենատում 31 տեղ ունեն, մեծ մասամբ կարող են դեմ քվեարկել կամ ձեռնպահ մնալ: Կոմունիստ սենատականների մեծ մասը մտադիր չէ քվեարկել:
Հաշվի առնելով սոցիալիստների և UMP դիրքորոշումը, որոնց պատկանում է սենատորական 348 աթոռներից 262-ը, տեքստի անընդունելի լինելու առաջարկը երկուշաբթի չի ընդունվի մեծամասնության կողմից: Նույն օրը կլինի քվեարկություն, որի արդյունքում օրինագիծը վերջնականորեն կարող է ընդունվել: -0-

