Հայաստանում մայիսյան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տարբեր քաղաքական ուժերի պայքարը կզարգանա բավականին ակտիվ, սակայն քաղաքական կոռեկտության շրջանակներում, կարծում է ՀՀԿ-ից պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«Բոլոր կուսակցություններն արդեն սկսել են պատրաստվել ընտրություններին, և բնական է, որ քաղաքական պայքարը զերծ չի մնա կրքերից և աղմկոտ հայտարարություններից: Անհնար է քաղաքակիրթ երկրում պատկերացնել ընտրություններն առանց նախընտրական պայքարի, և այս տարի մեր հիմնական խնդիրն է իրականացնել նման նախընտրական պայքար առանց լուրջ միջադեպերի և խախտումների», - երեքշաբթի լրագրողներին ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով՝ միջազգային հանրության համար պետության զարգացած և քաղաքակիրթ լինելու լավագույն ապացույցը կդառնան արդար ընտրություններն՝ առանց կեղծիքների և խախտումների:
«Մենք բավականին ակտիվ ենք պատրաստվում ընտրություններին, ինչպես մի շարք այլ կուսակցություններ», - ավելացրեց Հարությունյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին համարի վերաբերյալ քննարկումներ դեռ չեն եղել, սակայն «տրամաբանական է, որ ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավարը»:
ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ներառված է իշխող կոալիցիայի կազմում: 2007 թ.-ից կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:-0- Ա.Թ.