ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է հունվարի 23-ին Սենատի նիստին ներկայացնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, «Le Figaro» պարբերականին տեղեկացրել է Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլյեն:
«Ես զգում եմ, որ այս հարցում արդեն փոխհամաձայնություն կա», - մեջբերում է պարբերականը Օլյեի խոսքերը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը 2011թ. դեկտեմբերի 22-ի նիստի ժամանակ ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար:
Օրենսդիրների որոշումն արժանացավ Անկարայի բացասական արձագանքին: Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին Ֆրանսիայի հետ ռազմական և այլ կապերի դադարեցման մասին, հիշեցնում է պարբերականը:
Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-