Հայաստանը պետք է հետ ստանա իր հողերը, իսկ Թուրքիան պարտավոր է ճանաչել իր կողմից կատարած հանցագործությունը, ասվում է ՌԴ Պետդումայում ՌԼԴԿ խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարության մեջ, որը հրապարակված է կուսակցության կայքում:
«Թուրքիան պարտավոր է ընդունել կատարած հանցագործությունը, իսկ Հայաստանը պետք է հետ ստանա իր պապենական հողերը», - նշվում է տեղեկատվության մեջ:
Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Ժիրինովսկին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի համաշխարհային հանրության կողմից:
Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին կայացած նիստի ժամանակ ընդունեց 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
Ժիրինովսկին կարծում է, որ պարզապես սրբապղծություն է փակել աչքերն այն փաստի վրա, որ 1915 թ.-ի ողբերգական իրադարձությունների զոհ է դարձել շուրջ մեկուկես միլիոն մարդ:
«1915 թ.-ի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները մարդկության պատմության ամենագորշ էջն է: Ժողովրդի նման դաժան ոչնչացում չի եղել եվրոպական և ասիական ոչ մի երկրում: Գրեթե մեկ դար առաջ մարդկանց ոչնչացրել են ազգային պատկանելության պատճառով: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին, և համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - ասել է ՌԼԴԿ-ի առաջնորդը:
Տեղեկատվության մեջ, մասնավորապես նշվում է, որ ՌԼԴԿ-ն վաղուց է խոսում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին և ողջունում է ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-