ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) կողմից Ցեղասպանությունների, այդ թվում նաև 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքի ընդունումը լրջորեն չի ազդի Փարիզի և Անկարայի հարաբերությունների վրա, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ընթացքում կողմ է քվեարկել օրինագծի ընդունմանը, ինչից հետո այն կներկայացվի Սենատի քննարկմանը:
«Եթե օրինագիծը վերջնականապես ընդունվի և ստորագրվի նախագահի կողմից, Թուրքիայի արձագանքը բուռն կլինի, սակայն շուտով այն կմարի», - ասաց նա:
«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանն իր հերթին նշեց, որ այս քայլով Ֆրանսիան ապացուցեց, որ մարդու իրավունքների օրրանն ու դրանց պաշտպանության կենտրոն է:
Օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:
Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ զգուշացնում էին Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում խորհրդատվությունների նպատակով անորոշ ժամանակով Փարիզից հետ կկանչեն դեսպանին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-