Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2011 թվականին որևէ լուրջ փոփոխություններ չի կրել, երկուշաբթի հայտնեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Հայաստանի համար արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը՝ ղարաբաղյան հակամարտության հարցը, որևէ լուրջ փոփոխություններ և Կազանի հանդիպումից հետո («Նովոստի-Արմենիա» - Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումն անցկացվել է հունիսի 24-ին) հասարության կողմից ակնկալվող ճեղքումներ տեղի չունեցան»,- ասաց Իսկանդարյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ճահճացումը շարունակվում է, և ընթացիկ տարում նկատված առաջխաղացումները կայացել են ղարաբաղյան հակամարտության շուրջ հռետորության փոփոխման մեջ:
«Ադրբեջանական կողմից ավելի քիչ սկսեցին հնչել սպառնալիքներն ու «զենք ճոճելու» հայտարարություններ, նրանք ավելի քիչ սկսեցին հայտարարել այն մասին, որ հակամարտությունը լուծելու են ռազմական ճանապարհով»,- նշեց քաղաքագետը:
Իսկանդարյանի կարծիքով, ողջ ընթացիկ տարում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանավեճերի ընթացքում խորհրդանշական դարձավ «ճանապարհի նկատմամբ պատի դիմակայաությունը»:
«Խոսքը վերաբերում է Ադրբեջանի նախագահի՝ վերջերս արած հայտարարությանը Ղարաբաղի հետ սահմանում պատի կառուցման որոշման վերաբերյալ, ինչպես նաև հայկական իշխանությւոնների հայտարարությունը դեպի ԼՂՀ Քելբաջարով երկրորդ ճանապարհի վերակառուցման մտադրության մասին»,- նշեց Իսկանդարյանը:
Փորձագետի կարծիքով, «պատ-ճանապարհ» հակադրությունը 2011 թվականի ֆենոմենն է, որը խորհրդանշում է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հետ սահմանների իրական լինելու ճանաչումը:
Իսկանդարյանը նշեց նաև, որ հայ-թուրքական հարցի ուղղակի լուծման մեջ որևէ առաջընթաց չի նկատվում:
Նրա կարծիքով՝ Թուրքիայի համար օրակարգում են բազամթիվ միջազգային հարցեր, որոնք նրա համար ավելի մեծ նշանակություն ունեն, քան Հայաստանի հետ հարցը:
«Շուտով Թուրքիայում կընդունվի նոր Սահմանադրություն, որից հետո կանցկացվեն Էրդողանի ընտրությունները նախագահի պաշտոնում, ու մինչև այդ ամենը տեղի չունենա, անիմաստ է որևէ լուրջ փոփոխություն ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում»,- ասաց Իսկանդարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-