Հայաստանը 2011թ.-ին էապես ամրապնդել է իր դիրքերն աշխարհում, կարծում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը 2011թ.-ին բավականին արդյունավետ էր: Հայաստանը զգալիորեն բարձրացրել է իր միջազգային հեղինակությունը», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բաբուխանյանը:
Նրա խոսքով՝ համաշխարհային քաղաքական ասպարեզում երկրի դիրքերի ամրապնդումը կապված էր նաև Հայաստանի հիմնական մրցակիցների՝ Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի թուլացման հետ:
«Տարեսկզբին Թուրքիան ամրապնդեց իր հեղինակությունն արաբական աշխարհում ընթացող հայտնի իրադարձություններում իր ակտիվ մասնակցությամբ, սակայն Սիրիայի դեպքում նա ձախողում ապրեց: Մի քանի օրվա ընթացքում Անկարան հողին հավասարեցրեց թուրք-սիրիական հարաբերությունները, որոնք վերջին տասը տարվա ընթացքում ակտիվորեն զարգանում էին: Բացի այդ, տարեվերջին Թուրքիան բավականին լարված հարաբերությունների մեջ էր Կիպրոսի, Իսրայելի և Իրանի հետ», - նշեց նա:
Բաբուխանյանը ընդգծեց, որ Թուրքիան եղել և մնում է ռասիզմի և ազգայնամոլության կենտրոն, և այս համատեքստում չարժե որևէ տեղաշարժ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:
Բաբուխանյանը նաև ընդգծեց, որ 2011 թ.-ի ընթացքում Հայաստանը զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը ԵՄ-ի հետ հարաբերություններում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:
«Տարվա ընթացքում մի շարք միջազգային կառույցներ և երկրներ հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չեն տեսնում: Մնում է բանակցային գործընթացը, և ես համոզված եմ, որ 2012 թ.-ին Հայաստանն ավելի շատ կամրապնդի իր դիրքերն այս գործընթացում», - ավելացրեց նա:
Բաբուխանյանը նաև նշեց, որ 2011 թ.-ի ամենանշանակալի իրադարձություններից մեկը Եվրասիական միության ձևավորման նախաձեռնությունն է:
«Հայաստանը պետք է ակտիվորեն մասնակցի ԵԱՄ-ի ստեղծման գործում: Մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները բավականին լարված են, իսկ հայ-թուրքական սահմանը պարզապես միջպետական սահման չէ, այլ՝ սահման ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև», - ավելացրեց նա:
ԵԱՄ-ի գաղափարը դեռևս 1994 թ.-ին առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Հոկտեմբերի սկզբին «Իզվեստիա» թերթի համար գրված իր հոդվածում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը գրել է, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից ստեղծվող Մաքսային միությունն ու Միասնական տնտեսական տարածքը հեռանկարում հիմք կդառնան Եվրասիական միության ձևավորման համար:
Այն ոչ թե նոր ԽՍՀՄ է և ոչ էլ փոխարինում է ԱՊՀ-ին, այլ արդյունավետ կերպով «իրար է կապում» Եվրոպան և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ սերտ համագործակցություն հաստատելով տնտեսական և արժութային քաղաքականության միջև: «Իզվեստիա»-ի էջերում ապագա միության մասին իրենց տեսլականներն էին ներկայացրել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:-0-