Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացում նախատեսող օրինագիծը Ֆրանսիայում խորհրդարանական նախաձեռնությունը է, որը տեղավորվում է ռասիստական և նիհիլիստական հայտարարությունների համար պատիժների համատեքստում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն:
Ֆրանսիայի Ազգային ժողովը մտադիր է դեկտեմբերի 22-ին քվեարկություն անցկացնել մի օրինագծի շուրջ, որը ենթադրում է մեկ տարի ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք գեղասպանության ժխտման համար:
Այդ կապակցությամբ, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Թուրքիան սպառնում է հետ կանչել իր դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տա օրենքին:
«Անուղղելի հետևանքներ կլինեն երկկողմ հարաբերությունների բոլոր բնագավառներում՝ սկսած մեր դեսպանին անորոշ ժամանակով խորհրդատվությունների համար հետ կանչելուց, կախված Ֆրանսիայի Ազգային ժողովի քվեարկությունից»,- գործակալությանը հայտնել է դեսպանության մամուլի քարտուղար Էնգին Սոլաքօղլուն (Engin Solakoglu):
Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոն իր հերթին հիշեցրել է, որ Անկարան «Ֆրանսիայի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է»: Նրա խոսքով՝ Ֆրանսիան «հակված է հարաբերությունների զարգացմանը բոլոր բնագավառներում»:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Այս տարվա հոկտեմբերին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երևան կատարած այցի ժամանակ հույս է հայտնել, որ թուրք իշխանություններն ու հասարակությունը խելամիտ կգտնվեն հայոց ցեղասպանության հարցում, և դա կկատարվի իր պաշտոնավարման տարիներին: -0-