ՀՀ կառավարությունն անհրաժեշտ միջոցներ կուղարկի Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանի թվայնացման համար, Միաբանության Մայրավանք կատարած այցի ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Նախագահը նշել է, որ արժեքավոր այդ գրադարանի պահպանման լավագույն ձևը թվայնացումն է:
«Մենք՝ որպես պետություն, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներ, մշտապես պատրաստ ենք օժանդակելու Մխիթարյան միաբանությանը, բոլոր հայկական կազմակերպություններին և նրանց, ովքեր իրենց ավանդն են բերում Հայրենիքին և հայ-իտալական բարեկամությանը»,-նշել է նախագահը:
Մխիթարյան միաբանությունը խոշորագույն հայկական հոգևոր մշակութային կենտրոններից մեկն է: Հիմնվել է 18-րդ դարի սկզբին Մխիթար Սեբաստացու նախաձեռնությամբ։ 1717 թվից միաբանությունն իր գործունեությունը շարունակում է Վենետիկյան Սուրբ Ղազար կղզում: Ավելի ուշ կազմակերպության մի մասը հիմնավորվել է Վենետիկում: Մխիթարյանները մեծ դեր են խաղացել հայ բանասիրության, պատմագրության, գրականության զարգացման գործում: -0-