Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հզոր ազդակ կհաղորդի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հաստատման գործընթացին, գրում է «Երկիր» թերթը՝ հղում անելով թուրքական Hurriet թերթին:
Թերթի համաձայն՝ Սարկոզիի ընտրություններն արդեն մոտենում են, և քանի որ նրա գլխավոր հակառակորդ Ֆրանսու Հոլանդն արդեն խոստացել է ընդունել տվյալ օրինագիծն իր ընտրվելու դեպքում, Սարկոզին նույնպես շատ նախանձախնդրորեն է մոտենում դրա շուտափույթ ընդունմանը:
Թերթը գրում է, որ այդպիսով Թուրքիան վստահ է, որ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի Սենատը կհաստատի վերոնշյալ օրինագիծը, որի շրջանակներում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման համար նախատեսվում է 1 տարի ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Ֆրանսիայի օրենսդրության հարցերով հանձնաժողովը դեկտեմբերի 7-ին հաստատել է Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քրեականացման օրինագիծը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-