Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի հավանություն է տվել Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունների մակարդակի նվազեցման մասին օրինագծին` ի պատասխան Թեհրանի դեմ Լոնդոնի տնտեսական պատժամիջոցներին, հաղորդում է ISNA գործակալությունը:
Ավելի վաղ օրինագիծն ընդունվել է Իրանի սահմանադրության պահապանների խորհրդի կողմից:
Օրինագիծը, որը նախատեսում է երկու շաբաթվա ընթացքում Թեհրանից բրիտանացի դեսպանի արտաքսումը և դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցումը մինչև գործերի հավատարմատարների, ինչպես նաև առևտրային, տնտեսական և մշակութային համագործակցության զգալի կրճատում, առաջարկվել է Իրանի մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի կողմից: Իսլամական հանրապետության խորհրդարանում օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ:
Նոյեմբերի վերջին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հարձակումների է ենթարկվել: Բողոքող իրանացիները քարկոծել են Մեծ Բրիտանիայի դեսպանության շենքերի համալիրը պայթուցիկ խառնուրդով լի շշերով:
Միջադեպի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն երկրից արտաքսել է իրանացի բոլոր դիվանագետներին: -0-