ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի, «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 20-րդ հոդվածի համաձայն, վերահաստատել է ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին իր դիմումը, որը ներկայացրել էր նոյեմբերի 14-ին Ազգային ժողովի նիստում:
Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի նախընտրական շտաբը գլխավորելու մտադրության կապակցությամբ:
««ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր է, ապա Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել է առավել շատ ձայներ», - նշվում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տեղեկատվության մեջ:
Ուստի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը, ով ընտրվելիս ստացել էր առավել ձայներ (104 կողմ ), կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները:
Ակնկալվում է, որ առաջիկայում ՀՀԿ-ն կկողմնորոշվի ՀՀ ԱԺ խոսնակի թեկնածության հարցում:
Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-