Երևանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկխոսությունը ԵՄ գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
Նախագահը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ընդլայնման գործընթաց է:
«Մեր նպատակը շատ հստակ է, և բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր և հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասել է Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով` Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում (սեպտեմբերի վերջին) Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումը լավ առիթ էր առաջիկա անելիքների շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցության ոլորտները ուղենշելու համար:
Էշթոնն իր հերթին ուրախալի է անվանել այն առաջընթացը, որ նկատելի է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում՝ կարևորելով Հայաստան-ԵՄ ամրապնդվող հարաբերությունները և բարձր գնահատելով այն աշխատանքը, որ կատարվում է ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ում եռանդի շնորհիվ այդ առաջընթացը հնարավոր է դարձել:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության մաս:
Սերժ Սարգսյանը և Քեթրին Էշթոնը նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր են քննարկել: -0-